lichess.org
Donate

Armenian Chess Federation

2 members

Հայաստանի շախմատային ֆեդերացիան ստեղծվել է 1927 թվականին:

Երկրի առաջին առաջնությունն անցկացվել է 1934 թվականին: Հայաստանի առաջին չեմպիոնը Հենրիկ Գասպարյանն է. հետագայում նա երկրի չեմպիոն դարձավ եւս ինը անգամ: Գասպարյանը հայ առաջին վարպետն է, շախմատային կոմպոզիցիայի գծով՝ աշխարհում առաջին գրոսմայստերը:

Մինչեւ այժմ անցկացվել է Հայաստանի 78 առաջնություն: Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը Հայաստանի չեմպիոն է հռչակվել երեք անգամ:

Հայաստանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամ է 1992 թվականից: Հենց այդ տարվանից սկսվում են երկրի շախմատիստների խոշորագույն հաջողությունները միջազգային ասպարեզում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006, 2008 եւ 2012 թթ. դարձել է շախմատի շախմատի օլիմպիադայի չեմպիոն, 2011-ինաշխարհի թիմային չեմպիոն, երեք անգամ (1992, 2002, 2004թթ.) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, չորս անգամ երրորդ տեղն է գրավել աշխարհի թիմային առաջնություններում (1997, 2001, 2005, 2015 թթ.), դարձել է Եվրոպայի չեմպիոն (1999թ.) եւ փոխչեմպիոն (2015 թ.): Բացառապես հայ շախմատիստներից բաղկացած «Երեւան» թիմը դարձել է Եվրագավաթի հաղթող (1995թ.): Հայաստանի կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երեւանի «Միկա» կանանց ակումբը 2006 թվականին հռչակվել է կանանց Եվրագավաթի հաղթող:

Լեւոն Արոնյանը դարձել է աշխարհի կրկնակի գավաթակիր, Վլադիմիր Հակոբյանը` ՖԻԴԵ-ի աշխարհի փոխչեմպիոն: Միջազգային ասպարեզում ակնառու հաջողությունների են հասել Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, մարզիչներ Արշակ Պետրոսյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը: Հայաստանի ներկայացուցիչները աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնություններում բազմիցս դարձել են չեմպիոններ, գրավել են մրցանակային տեղեր: Հայաստանի հավաքականը համաշխարհային պատանեկան օլիմպիադայում երկու անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը:

Հայաստանն այժմ ունի 41 գրոսմայստեր: Միջազգային վարկանիշ ունեն 1559, ազգային՝ 4504 շախմատիստ:

Հայաստանում անցկացվել են բազմաթիվ խոշորագույն միջազգային մրցաշարեր, աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնություններ: 1996 թվականին Երեւանում անցկացվել է շախմատի 32-րդ օլիմպիադան, 2001 եւ 2015 թվականներին Հայաստանում անցկացվել են աշխարհի թիմային առաջնությունները, 2014 թվականին Երեւանը հյուրընկալեց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանում անցկացվել են ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մի շարք մրցաշարեր:

2004 թվականից Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն է Սերժ Սարգսյանը:

1970 թվականից Երեւանում գործում է շախմատի տունը, որը 1984-ից կրում է Տիգրան Պետրոսյանի անունը: 1971 թվականին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը: 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան, որն այժմ ունի 55 մասնաճյուղ: Երեւանի բոլոր համայնքներում գործում են շախմատի մասնագիտացված դպրոցներ: 2011թ.-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում շախմատը ընդգրկված է ծրագրային առարկաների շարքում: